Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

Armenpress 10:40, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը: 

Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պայմանավորելով դա «առկա վտանգներով»: Այս տարի արարողակարգը կատարելու արտոնություն է ստացվել: 

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ այս տարի պատարագը կմատուցվի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին: 

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Այն միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել:Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի: Տարին մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակի օրերին է միայն եկեղեցում թույլատրվում պատարագ անցկացնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am