Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Armenpress 13:47, 7 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախիջևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Գյուննութ բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 3 զինծառայող, վիրավորվել են 11-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել էր Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Նախիջևանի Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին: «Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ: Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին», - հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին, ինչը հայկական կողմը հերքում էր՝ հայտնելով, որ ադրբեջանական զինված ուժերը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ են իրականացնում բացառապես իրենց տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am