Նիկոլ Փաշինյանը կատարեց «Թումո»-ի սաներից մեկի «աներես» ցանկությունը
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին այցելել է «Թումո» տեխնոլոգիական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետը «Թումո» -ից ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է «Աներես խնդրանքների արկղ»-ի մասին:
«Թումո» կենտրոնի ներկայացուցիչներն ինձ մի քանի «աներես» խնդրանքներով են դիմել և այդ խնդրանքներից մեկն էլ Ֆեյսբուքի ուղիղ եթեր մտնելն էր՝ հիմա և այստեղ: Հիմա ես մեծ հաճույքով «Թումո» -ի սանի խնդրանքը կատարում եմ և ուղիղ եթերով կփորձեմ ցույց տալ, թե ինչ է կատարվում այստեղ»,-ասել է Փաշինյանը:
Ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հետ միասին բոլորին ողջունել են նաև կենտրոնի սաները, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը , ինչպես նաև կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Վարչապետը խոստացել է մեկ ուրիշ օր այցելել «Թումո» և պատասխանել սաների հարցերին: