Բաքվում դադարեցվել է նաև ջրամատակարարումը

Armenpress 16:55, 3 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գրանցված լայնամաշտաբ հոսանքազրկման արդյունքում դադարեցվել է նաև մայրաքաղաք Բաքվի ջրամատակարարումը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

«Ազերսու» ընկերության պարզաբանմամբ՝ ջրամատակարարումը դադարեցվել է, քանի որ Քուր գետի ջրի մաքրման կայանները հոսանքազրկման պատճառով չեն կարողացել գործել:

Այն վայրերում, որտեղ ջուրը պոմպերի միջոցով ենթաարտեզյան հորերից է քաշվում, նույնպես ջրամատակարարումը դադարեցվել է: 

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Առանց հոսանքի մնացած քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զաքաթալան և այլն:

Ժամեր անց միայն հոսանքազրկված քաղաքների, այդ թվում և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am