Անկախ փորձագետը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 4-5 դրամով նվազեցնելու հնարավորություն է տեսնում

Armenpress 14:58, 30 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններ տեսնում է: Լրագրողների հետ զրույցում փորձագետը պնդեց, որ իր հաշվարկներով էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 4-5 դրամով նվազեցնել: Նա ընդգծեց, որ արդեն մեկ ու կես տարի համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

«Անընդհատ վիճել եմ, ապացուցել եմ, որ տեղ կա ու մատով ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է անել, որպեսզի էլետրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նշեց նա:

Արզումանյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ում չարդարացված կորուստների վերլուծությունը ցույց է տվել՝ այնտեղ կան ռեզերվներ, և այնտեղ աշխատող մարդիկ պետք է կարողանան վեր հանել այդ կորուստների պատճառները ու վերացնել դրանք:

Հայաստանում 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կազմում է  33.48 դրամ,  գիշերային սակագինը ` 29.48 դրամ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը 35.98 դրամ է, գիշերային սակագինը` 31.98 դրամ:  6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը  41.98 դրամ է, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար (բնակչության զգալի հատվածը), ցերեկային սակագինը կազմում է 44.98 դրամ, գիշերային սակագինը` 34.98 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am