Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին

Armenpress 12:13, 29 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Այս մասին «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Մենք հրավիրել ենք Ալեքսիս Օհանյանին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին և լինելու բանախոսներից մեկը: Քննարկվում են նաև Ալեքսիս Օհանյանի հետ համագործակցության հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալեքսանդր Եսայանը:

2019 թվականին Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այդ օրերին Երևանը  դառնալու է տեխնոմայրաքաղաք ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար, ինչը հիանալի հնարավորություններ է ստեղծելու և՛ երկրի իմիջի, և՛ աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորվելու, և՛ ներդրումներ ներգրավելու, և թե՛ տուրիզմի հարցում: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am