Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ

Armenpress 11:43, 29 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջեւ:

Իմ զորակցությունն եմ հայտնում եւ մխիթարանքի խոսք եմ ուղղում նրանց հարազատներին ու մերձավորներին:

Ճեղքված ռազմաճակատներում մղվող ճակատագրական մարտերում անհայտ կորած մարտիկները դարձան հավաքական սխրանքի խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելիս նրանք գիտակցված կերպով անչափ թանկ գին վճարեցին, բայց փոխարենը սերունդներին ազատ ու պաշտպանված հայրենիք ավանդեցին: Նրանց սխրանքն անմահ է եւ ապրում է բոլորիս սրտերում:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաեւ Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է: Եվ այդ պարտքի անշահախնդիր կատարումն է իրական հարգանքն անհայտ կորած ազատամարտիկների ու հայրենիքի համար նահատակվածների պայծառ հիշատակի հանդեպ:

Հավերժ փառք նրանց»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am