Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսները Արցախում կքննարկեն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումները

Armenpress 11:40, 29 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում հունիսի 28-ից հուլիսի 2-ը կկայանա միջազգային գիտաժողով  «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի կրթության նախարարության մամուլի բաժնից:

Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի  համալսարանի և Սանկտ Պետերբուրգի  պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:

Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի քվանտային կենտրոնը (Մոսկվա) և  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (Երևան): Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:

Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 մասնագետներ ավելի քան 10 երկրից: 

Հունիսի 29-ին ժամը 9:30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն զուգահեռ մասնախմբերում: 

Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև սեկցիոն դասընթացներ Արցախի Հանրապետության դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am