Արցախի Խորհրդարանը հաստատել է 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

Armenpress 18:58, 28 Հունիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է հերթական նիստը: Մինչ օրենսդրական հարցերին անցնելը՝ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորանքի խոսք է ուղղել Մարտակերտի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանված հատուկ ընթացակարգով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ԱՀ օրենքների փաթեթը և «Հավաքների ազատության մասին» օրենքների փաթեթը:

Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես է եկել  ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Նախարարի ներկայացմամբ 2017թ.-ին երկրում համախառն ներքին արդյունքը կազմել է 272,1 մլրդ, մեկ շնչի հաշվով՝ 1 մլն 855 հազ դրամ: Տնտեսական աճը հաշվետու տարվա ընթացքում կազմել է  15,6%՝ 2,5% դեֆլյատորի պայմաններում:  Ծախսերի մասով 2017թ-ի պետական բյուջեն կատարվել է  96,5%, դեֆիցիտը՝ 3,3 մլրդ դրամ նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 10,5%-ով:

Պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությամբ հանդես է եկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Պատգամավոր Գրիգորի Կասպարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, իսկ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ներկայացրել է բյուջեի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածների վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Բյուջեի կատարողականի մասին իրենց դիրքորոշուներն են հայտնել նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով պարզաբանել է պատգամավորների հնչեցրած մտահոգությունները:

Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱԺ որոշումը՝  Արցախի Հանրապետության 2017թ-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը հաստատելու մասին:

Օրենսդիրը քննարկել և ընդունել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱՀ օրենքը:

Բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրման նպատակով «Հայրենիք» խմբակցության առաջարկությամբ խորհրդարանի կողմից միաձայն ընդունվել է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Աժ որոշումը:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Արպատ Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը և Աշոտ Ղուլյանը:

Ամփոփելով 7-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 7-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 36 օրենք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am