Վիճակագրական ցուցանիշները փորձագետին հույս են ներշնչում, որ Հայաստանից արտագաղթը շատ փոքր կլինի կամ կգրանցվի ներգաղթ

Armenpress 17:12, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն ընթացիկ տարվա հինգ ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական տարբերության կտրուկ նվազումը երեք գործոնի արդյունք է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը նկատեց, որ դրան նպաստել են նախորդ տարվա տնտեսական աճը, այս տարվա տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան, ինչպես նաև «թավշյա հեղափոխության» ազդեցությունը: «Այս տարվա սկզբից մինչև վերջին ամիսներին միգրացիայի առումով ունենք դրական շարժ, հետազոտությունները վկայում են, որ տնտեսական վիճակի ու միգրացիայի միջև ուղիղ կապ կա: Սա նաև ապացուցում է, որ տնտեսական լավ վիճակում ենք այս պահին գտնվում։ Առաջին հինգ ամիսներին եկած ու գնացած ուղևորների տարբերությունը կազմել է -3000: Կարող են արձանագրել, որ այս տարի Հայաստանից արտագաղթը շատ փոքր կլինի կամ կգրանցվի ներգաղթ»,-ասաց Հրանտ Միքայելյանը:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2018-ի առաջին 5 ամիսներին օդանավով Հայաստան է ժամանել 476 հազար 211 մարդ (447 հազար 500-ը՝ Զվարթնոց օդանավակայանով, 28 հազար 711-ը՝ Շիրակ օդանավակայանով)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ժամանողների թիվն աճել է 51 հազար 293-ով կամ 12.1 տոկոսով։ Հունվար-մայիսին օդանավով Հայաստանից մեկնել է 479 հազար 265 մարդ (448 հազար 626-ը՝ Զվարթնոց օդանավակայանով, 12 հազար 916-ը՝ Շիրակ օդանավակայանով)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ժամանողների թիվն աճել 29 հազար 172-ով կամ 6.5 տոկոսով։

Նշյալ ժամանակահատվածում ժամանողների և մեկնողների բացասական հաշվեկշիռը կրճատվել է և հունվար-մայիսին կազմել ընդամենը 3 հազար 054։ 2017 թվականի հունվար-մայիսին մեկնողների թիվը ավելի քան 25 հազարով ավելի էր ժամանողների թվից:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am