Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները նոր թափ են ստացել

Armenpress 16:00, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները նոր թափ են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ` այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:   

«Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման աշխատանքները, մասնավորապես, նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693-ը:

Էլեկտրահաղորդման գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը: Էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը շուրջ 279 կմ է, որի իրականացման գլխավոր կապալառուն՝ իրանական «Սանիր» ընկերությունն է: Ծրագրի արժեքը կազմում է՝ 107,9 մլն. եվրո:

Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:

Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շարունակելու է հետևողական լինել, որպեսզի շինարարական աշխատանքներն իրականացվեն որակյալ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am