Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Armenpress 15:48, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր էլ շարունակում են բազմապատկվել ու զարգանալ՝ շնորհիվ այն ջերմության և փոխվստահության մթնոլորտի, որը տիրում է մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև։

Բոլորովին վերջերս Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։ Համոզված եմ, որ Ձեր  պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն` բարեփոխումների իրագործման նոր փուլում, և հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը»: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am