Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը

Armenpress 10:59, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները մինչև հոկտեմբերի 1-ը կկատարի թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թատրոնի մամուլի ծառայությունից, հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը թատրոն է այցելել, հանդիպել ստեղծագործական և դերասանական կազմերի հետ:

Մամուլի ծառայության պաշտոնական հայտարարություն մեջ նշվում է. «Ս/թ հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ռուսական թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ: Քննարկումների ու ելույթների արդյունքում որոշում կայացվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին` մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետև կանցկացվեն ծրագրերի քննարկումներ և գեղարվեստական ղեկավարի ընտրություն»:

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո  թափուր տեղի համար պայքարում են Ալեքսանդր Գրիգորյանի դուստր, բեմադրիչ Նորա Գրիգորյանը և թատրոնի դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Հակոբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am