Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջության ոլորոտը դիվերսիֆիկացվում է՝ ներկայացնելով նոր արդյունք: Հունիսի 26-ից էքստրիմի սիրահարները կարող են մասնակցել ռաֆթինգի կանոնավոր տուրերին, որոնք անցկացվելու են Դեբեդ գետի վրա: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, արդեն մեկ տարի է ծրագիրը մշակման փուլում է:

«Շնորհիվ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բոլոր այն աջակիցների, որոնք կանգնած են գյուղական վայրերում տուրիզմի զարգացման կողքին, այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն է ստեղծվում: Ռաֆթինգը, որպես զբոսաշրջային արդյունք, նորություն է մեր երկրի համար: Տարածաշրջանային տուրիզմի զարգացման համատեքստում Հայաստանը կարող է անմասն չմնալ: Գիտենք, որ Վրաստանում շատ լավ զարգացած է ռաֆթինգ, արդեն ունենք պայմանավորվածություններ համատեղ մրցաշարեր կազմակերպելու համար: Ի դեպ, ռաֆթինգի հայկական թիմը հայտ կներկայացնի տարածաշրջանային, միջազգային ծրագրերին մասնակցելու համար»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:

Նա տեղեկացրեց, որ ակտիվ աշխատում են տուրսիատական ընկերությունների հետ, որպեսզի այս առաջարկը ևս ներառվի տուրփաթեթներում: Լիլիթ Ասատրյանը նշեց, որ նախատեսում են ընդլայնել ծրագիրը և ռաֆթինգ իրականացնել հայաստանյան այլ գետերում ևս: Նախաձեռնողները Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացել են էջ rafting.am անվանմբ, որտեղ պարբերաբար տեղեկություններ կհարապարակվեն ռաֆթինգի տուրերի մասին: Առաջարկվում են տարբեր փաթեթներ: Ամենապարզ ռաֆթինգ տուրը, որ տևողությունը 1-1.5 ժամ է, ընդգրկում է 10-15 կմ, սկսվում է Հաղպատից և ավարտվում Նեղոց գյուղում, կարժենա 12 հազար դրամ:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման համատեքստում, այն հնարավորություն է տալիս լինել ավելի մրցունակ:

«Քանի որ տարածքը մոտ է հարևան Վրաստանին, հետևաբար տարածաշրջանային համագործակցության շրջանակում նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի: Նման ծրագրերն իրենց հերթին նպաստում են ինչպես ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ զբոսաշրջային միջոցառումներին բնակչությանը ներգրավվածությանը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Ծրագիրն իրականացվում է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը և իրականացում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը նշեց, որ իրենք աջակցում են այն ծրագրերին, որոնք ուղղված են գյուղական հատվածներում աշխատատեղերի ստեղծմանը՝ օգտագործելով զբոսաշրջության ներուժը:

«Բավական հետաքրքիր նախաձեռնություն է, որը նպաստելու է տեղի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, բնակիչների ներգրավվածությանը, աշխատատեղերի ստեղծմանը: Գյուղերը կսկսեն ծառայություններ տրամադրել՝ սնունդ, կեցություն, այսինքն՝ շղթայական ռեակցիայով այլ բաղադրիչները ևս կզարգանան»,-ասաց Արման Վալեսյանը:

Ռաֆթինգի տուրերն իրականացնելու են հայ մասնագետները: Հունիսի 26-ին ռաֆթինգ տուրեր են անցկացվելու լրագրողների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am