Թուրքիայի արտգործնախարարին հաճախ են շփոթում Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Armenpress 14:55, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրեն հաճախ են շփոթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Հաքքին»-ը:

«Ես և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արտաքինից շատ նման ենք, և ինձ հաճախ են շփոթում նրա հետ: Ես դա հասկացել եմ, երբ ընդունելությունների և հանդիպումների ժամանակ ինձ Ադրբեջանի վերաբերյալ հարցեր են ուղղում»,- թուրքական «Վաթան» թերթի հետ զրույցում ասել է Մևլութ Չավուշօղլուն:

 Չավուշօղլուն նշել է, որ Մամեդյարովին էլ երբեմն շփոթում են իր հետ:

«Նրան էլ մի անգամ հարց են տվել Թուրքիայի վերաբերյալ՝ մտածելով, թե ես եմ»,- ասել է արտգործնախարարը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն օրեր առաջ հայտարարել էր, որ ինքը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի արտգործնախարարն է: 

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Չավուշօղլուն հայտարարել էր, որ դա շարունակում է հանդիսանալ նաև Թուրքիայի խնդիրը:

Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Թուրքիայի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթելու է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, և թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակելու են մնալ այնպիսին, ինչպիսին հիմա են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am