Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն

Armenpress 20:00, 20 Հունիս, 2018

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2018 թվականի հունիսի 15-ի ամփոփ տվյալներով կատարվել է 27 հազար 872 հեկտար գարնանացան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 13 հազար 327 հեկտար կազմել են գարնանացան գարու, 8725,6 հեկտար՝ կարտոֆիլի, 2742 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 1429 հեկտար՝ բանջարեղենի, 1208 հեկտար՝ գարնանացան ցորենի, 234,3 հեկտար՝ հատիկընդեղենի, 135 հեկտար՝ այլ հացահատիկի, 44 հեկտար՝ հնդկացորենի, 1,4 հեկտար՝ եգիպտացորենի, 25,2 հեկտար՝ տեխնիկական մշակաբույսերի ցանքերը:

10 հազար 519 հեկտար կազմում են աշնանացան ցորենի ցանքերը:«Բոլոր ցանքերը, բնական խոտհարքերը գտնվում են փարթամ վիճակում եւ խոստանում են առատ բերք: Տեղացած անձրեւները շատ նպաստավոր պայմաններ են ստեղծել բույսերի աճի համար:

Եթե մինչեւ բերքահավաք բնական աղետներ չունենանք, ապա վստահ կարող ենք լինել, որ բարձր բերքատվություն ենք ունենալու»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am