Պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը կզարգանա. Տոնոյանն ընդունել է Լիբանանի դեսպանին

Armenpress 18:03, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները, նշելով, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է,որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Դեսպան Դաղերն իր հերթին նշել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am