ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Armenpress 11:27, 20 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք միշտ դեմ ենք եղել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մենք մեր դիրքորոշումը չենք փոխել: Այս նախագիծը որոշակիորեն մեղմում է 1974 թ. հետո ծնված երիտասարդների  ֆինանսական բեռը, ովքեր համակարգի մասնակից են: Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կողմ կքվեարկենք, պայմանով, որ կառավարության հետ կշարունակենք մեր քննարկումները կուտակային պարտադիր բաղադրիչը հանելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև այն բարելավում պարունակում է, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը: Այդ պարտադիր բաղադրիչը խաթարում է սերուդների համերաշխության սկզբունքը, խաթարում է անձի սեփականության իրավունքը: Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին»,- ասաց Ռուստամյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, որ իր ելույթում արդեն հայտնել է իրենց դիրքորոշումը: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ սա հրատապ քայլ է, որ պետք է կատարվի, բայց քննարկումները պետք է շարունակվեն: Այդ իսկ պատճառով, որ կա բարելավում, մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»,- ասաց Մարուքյանը:

Օրենքով նախատեսվում է, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչն ամբողջովին ուժի մեջ կմտնի, համակարգին կմիանան շուրջ 80 հազար քաղաքացիներ ևս, սակայն հուլիսի 1-ից սկսած քաղաքացիները կվճարեն իրենց աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ պետությունը դրան կավելացնի 7.5 տոկոսը: Գործող օրենքով համակարգի մասնակից քաղաքացիները վճարում են իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս ավելացնում է պետությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am