Իտալիայի, ԳԴՀ-ի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարները արտակարգ հանդիպում կանցկացնեն միգրացիայի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները հունիսի 28-29-ին կայանալիք գագաթնաժողովի նախօրեին արտակարգ ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ:
Ինչպես հունիսի 20-ին գրում Է Corriere della Sera-ն, այն տեղի կունենա հունիսի 24-ին Բրյուսելում: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեից, ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից բացի, հանդիպմանը կմասնակցեն Եվրամիությունում նախագահաղող Բուլղարիայի, ինչպես նաեւ Ավստրիայի ղեկավարները, որին նախագահությունն անցնում Է հուլիսի 1-ից:
Հեղինակավոր հրատարակության տվյալներով՝ արտակարգ նիստում քննարկվելու են ԵՄ-ի բյուջեի ուղղումները՝ հաշվի առնելով անհրաժեշտ միջոցների հատկացումը աֆրիկյան երկրների օգնության հիմնադրամին (ավելի քան կես միլիարդ եվրո), ինչպես նաեւ Միության համագործակցությունը ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպությունների հետ, ներառյալ Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Նշվում Է, որ Վիեննան եւ Հռոմը պնդում են հանրակցության միգրացիոն քաղաքականության մեջ ավելի կոշտ ուղեգծի որդեգրումը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել Է, որ Եվրամիության ապագան վտանգված Է առանց միգրացիոն խնդրի լուծման: «Մենք պետք Է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (խոսքը վերաբերում Է Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովին): Գլխավոր գերակայությունը մնում Է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կդրվի»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: