Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Armenpress 20:42, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն է հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների և հունիսի 18-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հայտնել է, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, եւ հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Նախարար Արթուր Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ մշակման փուլում է  ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է լինելու խթանել ՀՀ-ում անասնապահությունը և բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։ Նա ներկայացրել է առկա ու նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման եւ արոտների բարելավման, ինչպես նաեւ անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց մտահոգությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am