Կոտայքի մարզպետն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

Armenpress 18:10, 19 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 19-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, սփյուռքահայ գործիչ Զարեհ Սինանյանը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը: Նա նշել է, որ հեղափոխությունից հետո տարբեր սփյուռքահայ գործարարներ ցանկություն են հայտնել այցելել Հայաստան՝ տարատեսակ ծրագրերով:

Կոտայքի մարզպետի հետ զրույցի ժամանակ Զարեհ Սինանյանը հայտնել է, որ սեպտեմբերին նախատեսում է Կալիֆորնիա նահանգից մեծ պատվիրակության այց Հայաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում լինելու են սիլիկոնային հովտի առաջատար IT կազմակերպությունների ներկայացուցիչներ, ագրարային բիզնեսի ներկայացուցիչներ և խորհրդատուներ, նաև սփյուռքահայ գործարարներ: Համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերյան այցի ժամանակ Կալիֆորնիայի պատվիրակությանը ընդունել նաև Կոտայքի մարզում:

Ռոմանոս Պետրոսյանը նաև Գլենդելի քաղաքապետին է նվիրել Նիկոլ Փաշինյանի  «Երկրի հակառակ կողմը» գիրքը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am