Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ  


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-րդ հոբելյանին նվիրված փառատոնին հրավիրված են մասնակցելու բարձրաստիճան պաշտոնյաներ և երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ նաև Հայաստանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն, Քշիշտոֆ Պենդերեցկու տիկին Էլժբետա Պենդերեցկան:

«Մի քանի ամսից մենք նշելու ենք Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակը: Անհամբեր սպասում ենք Հայաստանի մեր ընկերների այցին: Մենք նաև հրավիրել ենք ձեր նախագահին՝ պարոն Արմեն Սարգսյանին: Նա ընդունեց մեր հրավերը: Մեզ համար մեծ պատիվ կլինի, որ նա մեր հյուրերից լինի»,-նշեց Էլժբետա Պենդերեցկան:

Պենդերեցկու փառատոնն անցկացվելու է Լեհաստանում, տևելու է մեկ շաբաթ: Այն սկսվելու է նոյեմբերի 16-ին և ավարտվելու նոյեմբերի 23-ին՝ Պենդերեցկու ծննդյան օրը: Էլժբետա Պենդերեցկայի խոսքով՝փառատոնին ելույթ են ունենալու բազում այլ հայտնի արտիստներ, այդ թվում նաև ինքը՝ հոբելյարը՝ հանդես գալով որպես դիրիժոր:

Մաեստրոյի տիկնոջ խոսքով՝ 85-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում համերգների ընթացքում հանդես կգան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը,  ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Նրանք ներկայացնելու են Պենդերեցկու ստեղծագործությունները:

«Հայաստանում արդեն իսկ այս տարի անցկացվել է Պենդերեցկուն նվիրված փառատոն: Իսկ թե ինչ կլինի ապագայում՝ դեռ չգիտենք: Ես և ամուսինս միշտ հաճույքով ենք վերադառնում այստեղ: Մենք սիրում ենք Հայաստանը և հայ ժողովրդին: Եկող տարի նորից գալու եմ՝ մասնակցելու Խաչատրյանի միջազգային մրցույթին: Այն հաջորդ տարի անցկացվելու է դաշնամուր մասնագիտությամբ»,-մեզ հետ զրույցում հավելեց Էլժբետա Պենդերեցկան, ով նաև Խաչատրյանի մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

 Քշիշտոֆ և Էլժբետա Պենդերեցկիները Հայաստանում էին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի շրջանակում: Նրանք այս տարի արդեն երկու անգամ Հայաստան են եկել: Տարեսկզբին Պենդերեցկու ստեղծագործական գործունեությանը նվիրված փառատոն էր կազմակերպվել, իսկ օրերս էլ հայկական արմատներ ունեցող կոմպոզիտորը Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am