Գյումրու ավագանին պաշտոնաթող նախագահներին զրկեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից

Armenpress 18:02, 18 Հունիս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանին հունիսի 18-ի նիստի ժամանակ որոշեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներից զրկել մի քանի անձանց, այդ թվում՝ պաշտոնաթող նախագահներ ՍերԺ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին: «Բալասանյան» դաշինքի անդամները, չունենալով ընդհանուր որոշում, քվեարկեցին անկախ:

Սամվել Բալասանյանը չմասնակցեց քվեարկությանը: Սերժ Սարգսյանին կոչումից զրկելուն կողմ քվեարկեցին 18, Ռոբերտ Քոչարյանին՝ 18, Լևոն Սարգսյանին՝ 17 անդամ: Ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության առաջարկով էր հարցը դրվել օրակարգ: Որպես հիմք ԳԱԼԱ խմբակցությունը նշեց այն, որ Գյումրի համայնքի պատվավոր քաղաքացի կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը: «Մարդիկ, ովքեր չունեն բավարար արժանիքներ, չեն կարող արժանանալ այս բարձր կոչմանը:

Ուստի անհրաԺեշտ ենք համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել նրանց»,-նշեցին ԳԱԼԱ խմբակցության անդամները: Ի դեպ, առաջարկվել էր նաև հետմահու կոչումից զրկել գեներալ լեյտենանտ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին: Սակայն 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց: Մինչ արձակուրդ մեկնելը, 4-րդ նստաշրջանի վերջին օրը, ավագանին քննարկեց և ընդունեց ևս 19 որոշում:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am