Տիգրան Բալայանը վստահ է՝ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա դրական կազդի ԱԱԾ վերջին բացահայտումը

Armenpress 12:19, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ Ազգային անվտանգության ծառայության բացահայտումը՝ կապված Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից բանակին հասանելիքը յուրացնելու հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական կարող է անդրադառնալ այն, որ կոռուպցիան բացահայտվում է ու մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am