Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը  

Armenpress 11:26, 18 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ,  18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով  երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում, խոստացել էր, որ ընտրություններից հետո իրենց առաջին գործը լինելու է արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Մոռանալով խոստումը՝ Էրդողանն այս անգամ հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը կրկին կարող է երկարաձգվել, եթե «ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության անհրաժեշտություն» լինի:

Դիմելով հասարակությանը՝ Էրդողանը խոստացել է նաև, որ արտակարգ դրության ռեժիմը չի անդրադառնալու երկրի և պետական մարմինների բնականոն կյանքի վրա:

Նա հայտարարել է, որ Թուրքիան երբեք չպետք է թուլացնի զգոնությունը ահաբեկչության դեմ պայքարում և որ, եթե անհրաժեշտ լինի արտակարգ դրություն մտցնելը, խնդիր չի լինի:

«Արտակարգ դրության ռեժիմ մտցնելը խնդիր չէ, եթե անհրաժեշտ լինի, կրկին կմտցնենք»,-հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը հետագայում երկարաձգվել էր ևս 6 անգամ: Վերջին անգամ հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվել է 2018 թվականի ապրիլի 19-ին և խորհրդարանի որոշմամբ կրկին երկարաձգվել:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:

Եթե արտակարգ դրության ռեժիմը կրկին երկարաձգվի, ապա դա կլինի 8-րդ երկարաձգումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am