Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Armenpress 15:27, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014 թվականից: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am