Առողջապահության նախարարությունն ուսումնասիրելու է կենդանաբանական այգում տուբերկուլյոզով մարդկանց վարակվելու հավանականությունը

Armenpress 13:23, 16 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը ուսումնասիրություն է կատարում պարզելու  կենդանաբանական այգում տարեսկզբին տարածված տուբերկուլյոզի արդյունքում  մարդկանց վարակվելու վտանգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հունվար-փետրվարից հետո այգում տուբերկուլյոզի դեպք չի արձանագրվել: «Մարդկանց վարակվելու վտանգի հետ կապված ուսումնասիրությունը վերջնական փուլում է:  Կենդանաբանական այգու աշխատակիցները հետազոտվել են»,-ասաց նախարարը, վստահեցնելով, որ ուսումնասիրությունների հետ կապված իր ղեկավարած գերատեսչությունն այսօր  հայտարարություն կանի:

ԱՆ-ն հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում էր ծնողներին ՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, գերատեսչությունը հորդորում է ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն:

 Նախարարությունից չեն բացառել վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:

Կենդանաբանական այգում հունվար-փետրվար ամիսներին տուբերկուլյոզ հիվանդության պատճառով անկել են 4 տեսակի կենդանիներ: Կենդանաբանական այգուց վստահեցնում են, որ այդ ժամանակահատվածում այգին փակ է եղել այցելուների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am