Հրաչ Բերբերյանը կոչ է անում իշխանություններին թույլ տալ գյուղացիներին շենքերի բակերում փողոցային առևտրով զբաղվել

Armenpress 17:35, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղացիների վարկերի տուգանքների մարումը ՀՀ կառավարության կողմից ճիշտ քայլ էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել: Գյուղատնտեսության նախարարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, սակայն այսօրվա նախարարությունը չի կարող դա անել»,-ասաց նա և հավելեց, որ գերատեսչությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք, սակայն, իր կարծիքով, անգամ նախարարը չունի այդ գիտելիքները: Անդրադառնալով ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ թեև ծիրանի համար այս տարին համարվել է ռեկորդային, սակայն դա իրականում այդպես չէ:

«Այս տարի արտահանվել է 11 հազար տոննա ծիրան: Նախորդ տարի արտահանումը սկսվել է հունիսի 10-ից, իսկ այս տարի՝ մայիսի 25-ից: Կարծում եմ, որ մենք ի վերջո կունենանք նախորդ տարվանից մոտավորապես 40 տոկոսով ցածր արտահանման ցուցանիշ, ինչի պատճառը սխալ արտահանման կազմակերպումն է»,-նշեց Բերբերյանը: Նա կոչ արեց Երևանի քաղաքապետարանին ու Կառավարությունը՝ ստեղծել բակային շուկաներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am