Գեղարքունիքի մարզի 4 քաղաքում տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակներ

Armenpress 13:04, 14 Հունիս, 2018

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային IRAPA հարթակի ներկայացուցիչների ջանքերով զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակներ են տեղադրվել Գեղարքունիքի մարզի Սեւան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքների եւ Սեւանի թերակղզու առավել տեսանելի, բազմամարդ վայրերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, IRAPA հարթակը միավորում է Հայաստանի եւ Ֆրանսիայի 8 համայնք, որոնք համագործակցում են միմյանց հետ: «Մեր մարզից համագործակցող կողմ են Գեղարքունիքի մարզպետարանը, Սեւան եւ Վարդենիս համայնքները: Զբոսաշրջիկների կողմից հաճախ բարձրաձայնված խնդիրներից մեկն էլ տեղեկատվական եւ ուղղորդող ցուցանակների սակավությունն է: Հաշվի առնելով այս փաստը` IRAPA հարթակի պատասխանատուները հարցը դիտարկել են որպես առաջնահերթություն, որին հետեւել է կոնկրետ քայլը, այն է` մարզի 4 քաղաքային համայնքներում եւ թերակղզում տեղեկատվական ցուցանակների տեղադրումը: Ցուցանակներն արդեն պատրաստ են, դրանք պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերի, գիշերակացի, սննդի օբյեկտների եւ այլ գրավչությունների ու հետաքրքրությունների մասին: Տեղեկատվական ցուցանակները եռալեզու են` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ունեն հետաքրքիր եւ գրավիչ ձևավորում, տեսանելի են նաեւ հեռվից»,-ներկայացրեց Դավիթ Թորոսյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am