Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Armenpress 18:04, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը:

Դավիթ Տոնոյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ զինված ուժերում իրականացվող տարատեսակ ծրագրերը, որոնց նպատակն է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը, զինված ուժերում կանանց ներգրավածության, իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև հավասար իրավունքների ապահովումը:

Շոմբի Շարփն իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  հանձնառությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am