Իսպանիայի հավաքականը մունդիալի ընթացքում կմարզի Ֆերնանդո Հիեռոն

Armenpress 16:24, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Ֆերնանդո Հիեռոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: Ժամեր առաջ Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:

Այս մասին հայտարարել էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: «Կարմիր ֆուրիան» արդեն Ռուսաստանում է և Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիս ժամանակ Ռուբիալեսը հայտարարել է, որ ֆեդերացիան հրաժարվել է գլխավոր մարզչի ծառայությունից և հաջողություն է մաղթել նրան:

Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Խուլեն Լոպետեգին աշխարհի առաջնությունից հետո կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը:

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը մունդիալում ընդգրկված է B խմբում և հունիսի 15-ին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am