ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելու է նաև Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների հարցը

Armenpress 16:31, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում 2018թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն ներկայացնելու է Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը:

Ներկայացվելիք զեկույցը, նրա առաջարկություններն ու գնահատականները դեռևս չեն հրապարակվել:

Ինչպես ակնկալվում է, զեկույցում իրավական գնահատական է տրվելու ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Զեկույցն արդեն իսկ ցնցումներ է առաջացրել պաշտոնական Բաքվում և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի նախագահական ընտրությունների հարցը քննարկելու որոշմանը: 

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ. ապրիլի 11-ին: Բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրություններում հաղթել է «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու, իշխող նախագահ Իլհամ Ալիևը:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենն էլ ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների  խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am