Կառավարությունը հնարավորություն ունի ստուգել պարտադիր կուտակային բաղադրիչի սահմանադրականության հարցը. Արծվիկ Մինասյան

Armenpress 13:19, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի ներդրման մասին որոշմանը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահին որոշումն այն է, որ հուլիսի 1-ից պետք է գործի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ «Պարոն վարչապետը հստակ բացատրեց, որ եթե այս համակարգը հետաձգվի, այն 270 հազար աշխատողները լեգիտիմ հարց են բարձրացնելու՝ ինչու են իրենք համակարգին միացել, բայց այն դարձյալ հետաձգվում է։ Այս փոփոխություններով մենք մեղմում ենք համակարգին միացողների բեռը՝ օրակարգում պահելով շատ հստակ հարց՝ արդյոք պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրակա՞ն է, թե ոչ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

«Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգը այն ձևով, ինչպես մենք ունենք, չի համապատասխանում մեր քաղաքացիների շահերին՝ մեր պետության տնտեսական ներկա պայմաններում։ Մեր պայքարը Սահմանադրական դատարանում ու փողոցում հստակ հիմքեր ուներ։ Այս կառավարությունը ունի հնարավորություն ուսումնասիրել հակասահմանադրականության հարցը», - հայտարարեց Մինասյանը։

Նախարարի կարծիքով՝ սկզբունքայնությունը այդ հարցի լուծման ուղղությամբ հետևողական գնալն է։ «Երբ զգանք՝ անհնարին է այլևս շարունակել, համոզված եղեք, որ կամք ու վճռականություն կա հեռանալու», - հավելեց դաշնակցական նախարարը։

Կառավարությունը բուռն քննարկումների արդյունքում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով հանդես էր եկել հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդրումը մեկ տարով հետաձգելու առաջարկով, հունիսի 12-ին հրաժարական ներկայացրեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am