Ելիզավետա Դանիելյանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց

Armenpress 12:38, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է համարվել: ՍԴ դատավորի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Նա հայտարարեց, որ քվեարկության արդյունքում ՍԴ դատավոր չի ընտրվել:

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք միասին ունեն 40 ձայն, ընտրվելու համար Դանիելյանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայները, այսինքն՝ անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն: ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 52 պատգամավոր:

Արդեն երկրորդ անգամ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ ժամանակ էլ խորհրդարանական «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ինչի պատճառով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am