Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի տաճարում մատուցվեց հայկական պատարագ      

Armenpress 16:23, 11 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների տարածքում առաջին եկեղեցիներից մեկը հիմնադրած 4-րդ դարի եկեղեցական Սուրբ Սերվատիուսին նվիրված ավանդական միջոցառումների շրջանակներում հունիսի 2-ին Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի տաճարում մատուցվեց պատարագ: Այն վարում էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը, Լիմբուրգ երկրամասում թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը, Նիդերլանդների հայ համայնքային կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներ: 

Մաաստրիխտի «Անի» համայնքի ջանքերով կազմակերպված այս միջոցառումը Լիմբուրգ երկրամասի հայության հարգանքի տուրքն էր Մաաստրիխտ քաղաքի պահապան սուրբ Սերվատիուսին, ով, համաձայն պատմական աղբյուրների, ծննունդով Հայաստանից է եղել: Սուրբ պատարագը առաջացրել էր մեծ հետաքրքրություն ինչպես տեղացիների, այնպես էլ Նիդերլանդների այլ բնակավայրերից, Բելգիայից և Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am