ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր

Armenpress 14:13, 9 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանն ամփոփվել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի արդյունքները: Քննարկվել են նաև հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները: ՊԵԿ նախագահի տեղակալ Մ. Փաշայանը կարևորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ներգրավել նաև երրորդ կողմ՝ ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ-իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվեն ուղևորների և տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am