Երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանն արժանացավ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակի


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանի անվան գրական մրցանակը տրվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար:

Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվեց հունիսի 7-ին Հայաստանի գրողների միությունում:

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ իրենք մի շարք մրցանակաբաշխություններ են կյանքի կոչում, որոնք հնարավորություն են տալիս որոշ չափով գնահատել ժամանակակից ստեղծագործողներին: «Մրցանակաբաշխությունների շարքը համալրվեց ևս մեկով: Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխություն անցկացնելու առաջարկը պատկանում է գրողի կնոջը` Օլգա Մելիքյանին, ով նաև ցանկացել է մրցանակը հանձնել պատմվածքի ժանրում, և մենք սիրով համաձայնվել ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Օլգա Մելիքյանի խոսքով` ի սկզբանե որոշվել է, որ մրցույթին կարող են մասնակցել գրողներ առանց տարիքային սահմանափակման: «Մեր խնդրանքով մրցանակը ամեն տարի կտրվի մայիսի հինգին` Ռուբեն Հովսեփյանի ծննդյան օրը: Այս անգամ երկրի  ներքաղաքական անցուդարձի հետ կապված մի փոքր ուշ ենք հանձնում այն»,-ընդգծեց նա:

Մելիքյանը շեշտեց, որ առաջարկել է մրցանակը հանձնել պատմվածքի ժանրում, քանի որ Ռուբեն Հովսեփյանը գրական աշխարհ է մտել պատմվածքով:

Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովի անդամներն էին գրական ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ Կարինե Խոդիկյանը, Պետրոս Դեմիրճյանը, Լիլիթ Հովսեփյանը, Սուսաննա Հարությունյանը:

Ժյուրիի նախագահ Նորայր Ադալյանն ընդգծեց, որ այս մրցանակը լավագույններից է ու պարտավորեցնում է ապրող գրողներին բարձրացնել գրականության չափանիշները:

Ադալյանն արձանագրեց, որ ներկայացվել են քսան հեղինակի  ստեղծագործություններ: «Անկեղծ ասած իմ սպասելիքներն ավելին էին: Կարծում էի, հայ գրականության մեջ ունենալով պատմվածքի հիանալի ավանդույթներ, այսօր ավելի լավ գործեր պետք է գրվեին, բայց տպավորությունն  ընդհանուր առմամբ, ոչ առանձին դեպքերում տխուր էր»,-խոստովանեց ժյուրիի նախագահը:

Մրցանակակիր Արմինե Բոյաջյանի խոսքով` հենց «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքն է ուղարկել մրցույթին, քանի որ այն ծնվել է իր համար սարսափելի ժամանակահատվածում: «Երբ գրեցի, առաջին անգամն էր, որ չկար այն մեկը, ով պետք է կարդար ու ասեր, թե ինչ է պետք անել: Այս մրցանակաբաշխությանը մասնակցելն էլ ինձանից քաջություն պահանջեց. ստեղծագործությունը սահմանված ժամկետի վերջին օրն եմ ներկայացրել»,-պատմեց գրողն ու հավելեց, որ երբ մտել է թատերական ինստիտուտ, վատ շարադրություն գրող աղջիկ է եղել և այն, ինչ կա այսօր Ռուբեն Հովսեփյանի շնորհիվ է:

Ռուբեն Հովսեփյանը 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին Հայաստանի գրողների միության քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Նրա պատմվածքներն ու վիպակներն առանձնանում են դրանցում արծարծվող թեմաների արդիականությամբ: Հայտնի ստեղծագործություններն են` «Հնձան»,  «Ամենատաք երկիրը», «Երկար, հրաշալի օր», «Ճայերը» և այլ գործեր:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am