Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Armenpress 15:45, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտպան Տիգրան Եգորյանը դատական նիստը մեկ օրով հետաձգելու  միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը  լրացնի այլ հիմքերով և կրկին ներկայացնի:

«Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք խնդրում ենք այսօրվա դատական նիստը մեկ օրով հետաձգել և այն նշանակել վաղը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է խափանման միջոցների հետ կապված որոշ այլ լրացված հիմքերի ներկայացման հետ»,- ասաց Եգորյանը:

Միջնորդության հետ կապված՝ մյուս պաշտպանները և մեղադրական կողմը առարկություններ չունեին:

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և այն նշանակեց հունիսի 8-ին ժամը 13:00-ին:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am