ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ արձակվեց

Armenpress 16:37, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերադառնալով խորհրդակցական սենյակից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը և փոխեց խափանման միջոցը ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու մասին:

Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը դատարանը քննեց՝ հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորությունը: Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագիր ներկայացրել էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը:

Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ի կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am