Արմեն Սարգսյանը ճանաչողական հանդիպում ունեցավ Կալիֆոռնիայի Մանուկյան- Դեմիրճյան ավագ դպրոցի սաների հետ  

Armenpress 15:02, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 4-ին  ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի սաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ շատ լավ ծանոթ է դպրոցին և տարիներ առաջ այցելել է, ապա հավելեց, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրելու: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եք: Կուզենայի լսել, թե ինչ սպասելիքներ ունեք ինձանից»,-աշակերտներին դիմելով՝ ասաց նախագահը:

Հանդիպմանը ներկա մոտ 70 աշակերտները, ովքեր երկու շաբաթ է Հայաստանում էին, պատմեցին նախագահին իրենց տեսածի մասին, կիսեցին Հայաստանից ստացած տպավորությունները:

Պարսկահայ Դերենիկ Դավիդյանն ասաց, որ եղել են Տաթևում, Նորավանքում, Էջմիածնում, Գևորգյան ճեմարանում: «Ես արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում: Այն օրեցօր զարգանում է»,-նշեց նա:

Նախագահի հարցին, Հայաստանը փոխվել է, թե ոչ, աշակերտներից մեկը պատասխանեց, որ կուզենար Հայաստանը համաչափ զարգացած տեսնել: Բոլորն էլ միանշանակ նույն կարծիքին էին, Հայաստանը դեպի լավն է փոխվել:

Աշակերտներից մեկն էլ նախագահի հետ կիսեց իր մտահոգությունը: «Մուրացան» զինվորական հոսպիտալ այցից հետո իրեն մտահոգել է, որ այնտեղ շատ շոգ է զինվորների համար: Նախագահը խոստացավ հարցը ներկայացնել առողջապահության նախարարին:

Նախագահ Արմեն Սարգսյանը հորդորեց իր հյուրերին աշխատասեր լինել, քանզի միայն բնատուր տաղանդը բավարար չէ հաջողության հասնելու համար: «Ձեզանից ամեն մեկը տաղանդավոր է, սակայն կարևոր է աշխատասեր լինել և ճիշտ ոլորտ ընտրել, և եթե սիրով անենք աշխատանքը, անպայման հաջողության կհասնենք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am