Հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի վրա. Նախագահն այցելել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն

Armenpress 14:35, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի և երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա: Գոհունակությամբ ընդգծելով հարաբերությունների գործընկերային բնույթը եւ փոխվստահության բարձր մակարդակը՝ նրանք միաժամանակ նշել են, որ համագործակցության ներուժը չափազանց մեծ է, եւ կողմերի խնդիրն է այն մշտապես բացահայտել: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am