Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակցի ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով 15 քաղաքացի բերման է ենթարկվել

Armenpress 11:20, 2 Հունիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժնից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։

«Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին: Ժամը 3:30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին: Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։ Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, և հանդես կգանք հայտարարությամբ»,- գրել է Մելիքյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am