Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից. Աշոտյան

Armenpress 16:37, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի խորհրդականները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվել խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը:

Խոսելով արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի գերակայություններն են:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին քաղաքականության ոլորտում միասնաբար գործելու կարեւորությունը՝ դիվանագիտության գործիքակազմում խորհրդարանական բաղադրիչի լիակատար ներառականությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am