Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է

Armenpress 15:56, 31 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հինգ ամիսներին Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը շուրջ 80 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես, մայիսի 31-ի դրությամբ արտահանվել է 48 հազար, իսկ 2017-ի հինգ ամիսներին՝ 27 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ եղանակը բարենպաստ է եղել, տարին առաջ է ընկել: «Այս տարի արտահանման ցուցանիշներն ավելի  բարձր են եղել, քան անցյալ տարի: Պարզ է, այս տարի գյուղատնտեսության վիճակն ավելի լավ է, բնությունը ավելի բարենպաստ է եղել, մեկ ամիս առաջ է ընկել տարին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Անդրադառնալով օրերս ՌԴ արտահանված և ետ վերադարձված լոլիկի խմբաքանակին՝ Արթուր Խաչատրյանը նկատեց, որ հարցը Սննդի անվտանգության պետական ծառայության իրավասության ներքո է, բայց ինքը խոսել է ՌԴ իր պաշտոնակցի հետ, երկուստեք պայմանավորվել են ջանք չխնայել, որպեսզի հայկական գյուղատնտեսական մթերքներն արտահանման խնդիր չունենան: «Խոսքը արտահանված լոլիկի մասին է: Մեր որոշ տարածաշրջաններում ունեցել ենք խնդիրներ, այնտեղից արտահանում չենք անի, եթե չկարողանանք ապահովել պատշաճ ֆիտոսանիտարական պայմանները»,-նշեց գյուղատնտեսության նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am