Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի էջն ու սխալմամբ թիրախավորել Կոլումբիային

Armenpress 11:41, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված կիսապաշտպան, Երևանի «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի «Instagram»-ի էջը կոտրած ադրբեջանցի հաքերները կատարյալ ձախողման են ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրենց «Ադրբեջանի կիբեր բանակ» հորջորջող ադրբեջանցիները, կոտրելով Սիմոնյանի էջը, հակահայկական լուսանկար և տեսանյութեր են տեղադրել, փոխել են ֆուտբոլիստի էջի նկարագրությունը, ինչպես նաև ոչ պարկեշտ արտահայտություններ գրել:

Ուշագրավ է, սակայն, որ հաքերների շրջանում գրագիտության բացակայության պատճառով ստացվել է այնպես, որ փաստացիորեն նրանց թիրախում է հայտնվել ոչ թե Հայաստանը, այլ Կոլումբիան. բանն այն է, որ տեսանյութում հայկական եռագույնը պատկերել փորձած հաքերները Հայաստանի դրոշը ներկայացրել են գլխիվայր շրջած, ինչի հետևանքով ստացվել է Կոլումբիայի դրոշը: Արդյունքում, թուրք դիպուկահարը սպանում է ոչ թե հայի, այլ կոլումբիացու:

Արտյոմ Սիմոնյանն այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում և նախապատրաստվում է առաջիկա ընկերական խաղերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am