Կնեսետի խոսնակը Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քվեարկությունը հանել է օրակարգից

Armenpress 20:07, 28 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէ Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:

Նշվում է, որ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Կնեսետի խոսնակն այդ քայլին գնացել է՝ ելնելով մտավախությունից, որ պարզ չէր, թե արդյո՞ք մեծամասնությունը կողմ կլինի նախագծի ընդունմանը: 

Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարիների ընթացքում Յուլի Էդելշտեյնը բազմիցս կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նույնն արել է նաև անցյալ շաբաթվա ընթացքում:

Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության նախագծի քվեարկությունը Կնեսետի պատգամավոր Տամար Զանգբերգի առաջարկով նախատեսվում էր կազմակերպել մայիսի 30-ին: Զանգբերգը իր հերթին Էդելշտեյնին մեղադրել է քաղաքականությունը բարոյականությունից վեր դասելու մեջ: Նա նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը Կնեսետի կողմից ճիշտ քայլ կլինի, սակայն ոմանք քաղաքականությունն ավելի վեր են դասում: «Կնեսետը պետք է կատարի խոստումը, սա պատմական արդարության հարց է»,- ասել է պատգամավորը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am