Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է ստոմատոլոգների միջազգային վեհաժողովի մասնակիցներին

Armenpress 19:54, 28 Մայիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 28-ին ընդունել է Ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան վեհաժողովի և ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի նախագահը նախ շնորհավորել է ներկաներին հայ ժողովրդի կյանքում նշանակալի օրվա՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ և կարևորել օրվա խորհուրդը մեր ժողովրդի պատմության մեջ:

Այնուհետև ողջունելով վեհաժողովի մասնակիցների հերթական հավաքը Ստեփանակերտում՝ ընդգծել է, որ արդեն ավանդույթ դարձած միջոցառումը կարևոր դեր ունի Արցախում համապատասխան ոլորտի զարգացման և կատարելագործման տեսանկյունից, ինչպես նաև վստահություն հայտնել, որ ձևավորված համագործակցությունը լինելու է շարունակական:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և փոխնախարար Կարեն Բազիյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am