ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի զինծառայողները մասնակցել են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթին

Armenpress 17:36, 28 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի զինծառայողներն առաջին անգամ մասնակցել են զինվորական շքերթին՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Սարդարապատի հուշահամալիրում շարքով անցան Հայաստանի և Ռուսաստանի ուժային կառույցների միավորները: Դրանից հետո ծաղիկներ են խոնարհել ու ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշասյան մոտ:

Տոնական միջոցառմանը մասնակցող զինվորներին նախապատրաստելու աշխատանքները տևել են մեկ ամիս և անցկացվել են Գյումրիի ռազմական կայազորի շարահրապարակում:

Հայաստանի և Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ գլխավոր փորձն անցկացվել է Սարդարապատի հուշահամալիրում գնդապետ Վլադիմիր Ելկանովի և գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ: Անդրկովկասում տոնակատարություններն ավարտվեցին տոնական համերգով, ինչպես նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան այցելությամբ:

Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթին մասնակցում էր Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի 200 զինծառայող:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am