Շիրակի Սառնաղբյուր համայնքում նշվեց Սոգյութլուի ինքնապաշտպանության 100 ամյակը

Armenpress 18:21, 26 Մայիս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու կամ Սոգթլու համայնքում մայիսի 26-ին նշվեց Սոգյութլուի ինքնապաշտպանության 100 ամյակը:

Վերջին տարիներին՝ 2003 թվականից ի վեր, արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար մեծ տոնախմբության վերածել այդ օրը՝ ի նշան քաջ շիրակցիների: Գյուղացիներն ու գյուղ այցելած հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ:

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի կողքին եղել են նաև Սոգյութլուի ինքնապաշտպանական մարտերը: Սոգյութլուն 1918 թվականի մայիսի 18-22 հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Սակայն, ցավոք, շատերի համար Սոգյութլուի ճակատամարտը դեռ բացահայտված չէ:

ԱԺ պատգամավոր, ծնունդով սառնաղբյուրցի Սամվել Նիկոյանը ևս շնորհավորեց համագյուղացիներին: «Մեզ համար միշտ հպարտություն է՝ լինել հերոս սառնաղբյուրցիների ժառանգներ: Այս ինքնապաշտպանական մարտերի մասին միշտ էլ մեր ընտանիքիներում մեծերը պատմել են: Ուրախ եմ, որ վերջին տարիների ընթացքում կարողացել ենք ժողովրդին վերադարձնել իր պատմությունը և ներկայացնելով Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտները, խոսել նաև Սառնաղբյուրի ինքնապաշտպանության մասին»,- նշեց Սամվել Նիկոյանը՝ կարևորելով նաև Սոգյութլուի հերոսամարտին նվիրված հուշակոթողի առկայությունը գյուղում:

Ինչպես արդեն հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ՝ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետ, թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչներն արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացան համախմբվել և Գունի և Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրին միանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից:Շուրջ յոթ օր տևած հերոսական ճակատամարտի շնորհիվ հաջողվում է հետ մղել Ալի փաշայի զորքը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am