Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Armenpress 17:18, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Մհեր Գրիգորյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ակնկալում է նորանշանակ կառավարության հետ համատեղ սերտ աշխատանք՝ ՀՀ-ԵՄ  համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է մեկ քառորդով,  ինչը վկայում է առաջիկայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել ընդլայնման հեռանկարի ու հնարավորությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերն ու ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ ակնկալելով դրա հետևողական զարգացումը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է խոսել Հայաստանի տնտեսական, դատաիրավական և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանին երկրի համար կարևոր այս փուլում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am